Հուբեյ նահանգի Շենոնցզյա ազգային արգելոցը հայտարարել է «վայրի մարդկանց» հավաքագրման մասին՝ զբոսաշրջիկներ գրավելու համար: Ըստ South China Morning Post-ի՝ նման պաշտոնի համար դիմորդները պետք է լինեն ֆիզիկապես առողջ, կարողանան «գոռալու ձայներ» հանել և հում սնունդ ուտել։
Արգելոցի ղեկավարությունը պատրաստ է վարձել 16 մարդու, որոնք սկզբնապես կաշխատեն 2025 թվականի հուլիսից օգոստոս: Վայրի մարդկանց պատկերելու համար խոստացված աշխատավարձը կկազմի օրական 500 յուան (մոտ 70 դոլար): Դրա դիմաց նրանք պետք է մնան արգելոցի անտառային տարածքում, կրեն «վայրի հագուստ» և ցուցադրեն «վայրի պարեր» զբոսաշրջիկների համար: Նրանք պետք է նաև ուտեն այն սնունդը, որը նրանց կառաջարկեն արգելոցի այցելուները, ուստի նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր կարող են ուտել հում սնունդ։
«Նախապատվությունը կտրվի նաև նրանց, ովքեր ունեն բաց անհատականություն, ստեղծագործ են կարճ տեսանյութեր նկարահանելու հարցում և սովոր են երկար ժամանակ վայրի բնության մեջ ապրելուն», - ասում է ղեկավարությունը։
«Վայրենիները» չեն կարող խոսել զբոսաշրջիկների հետ, նրանք ստիպված կլինեն նրանց հետ շփվել ձայների միջոցով և անցնել մարդկային խոսքի միայն այն բանի համար, որ բացատրեն, օրինակ, զուգարան տանող ճանապարհը։ Միաժամանակ, այս աշխատակիցները ստիպված կլինեն տեսանկարահանել իրենց աշխատանքը և կիսվել դրանով սոցիալական ցանցերում։





























