Նախագահի թեկնածու, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու նախընտրական բանավեճերին, բայց կարող է ընդդիմության հետ հանդիպումներին իր վստահված անձանցից որեւէ մեկին ուղարկել: Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հայտնել է կառավարական շրջաններում հայտնի բարձրաստիճան մի պաշտոնյա:
Խմբագրությունը հիշեցնում է, որ իր ուղիղ եթերից հետո Պուտինը հայտարարել է, որ նախընտրական բանավեճերը տեսականորեն օգտակար են, բայց օրենքը իրավունք է տալիս ընտրել` մասնակցել կամ չմասնակցել դրանց: Բացի դրանից, ընդդիմության ներկայացուցիչները փայլում են իրենց ճարտասանությամբ, հայտարարել է Պուտինը: Նրանք սկսում են ժողովրդին խոստանալ ամեն ինչ, բայց ոչ մի օգտակար բան չեն անում: «Նման բանավեճը հավասար հիմքերի վրա չէ, բայց մի բան հաստատ է, որ ես հնարավորություն կտամ նրանց փոքր եղբոր հետ մրցելու: Կգտնեմ մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն թեկնածուներից յուրաքանչյուրին պատասխանելու», -եզրակացրել է Պուտինը:
Տվյալ պահի դրությամբ հաստատված չէ այն, որ վարչապետը դեմ առ դեմ չի հանդիպելու մրցակից թեկնածուի հետ: Նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի բացառում բանավեճերին մասնակցությունը: Չնայած որ, դրա հավանականությունը մեծ չէ: Իսկ իր ներկայացուցիչներին բանավեճերի ուղարկելու մասին վերջնական որոշում Պուտինը կկայացնի ավելի ուշ, նշել է նրա մամուլի ծառայության ղեկավարը:
Ըստ օրենքի` բանավեճերին կարող են մասնակցել կամ թեկնածունները, կամ նրանց վստահված անձինք, որոնց թիվը կարող է հասնել 600-ի: Վստահված անձանց ցուցակը, հայտնել է Պեսկովը, պատրաստ կլինի մի քանի շաբաթվա ընթացքում:




























