Թուրքիայի Աքսարայ քաղաքի նահանգապետ Մեհմեթ Ալի Քումբուզօղլուն հայտարարել է, որ Իհլարա հովտից դեպի Հասան լեռը թռիչք կատարած օդապարիկը կոշտ վայրէջք է կատարել Գյոզլուքույու գյուղի մոտակայքում, հայտնում է TRT Haber-ը։

Հայտարարելով, որ վթարի հետևանքով օդաչուն զոհվել է, Քումբուզօղլուն հայտնել է, որ 19 ինդոնեզացի զբոսաշրջիկ վիրավորվել է։

Քումբուզօղլուն նշել է, որ օդաչուն ընկել է զամբյուղից, քանի որ նրա ոտքերը խճճվել են պարանի մեջ։

Հաղորդվում է, որ Իհլարա հովտից թռիչք կատարած ևս մեկ օդապարիկ կոշտ վայրէջք է կատարել Գյուզելյուրթ շրջանի Բելիսիրմա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով 12 հնդիկ զբոսաշրջիկ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Նախարարությունը հայտարարել է տեխնիկական ստուգում սկսելու մասին։