Բողոքի ակցիայի մասնակիցները կիրակի օրը Բարսելոնայում ոչինչ չկասկածող զբոսաշրջիկների դեմ ջրային ատրճանակներ են կիրառել, երբ ցուցարարները դուրս են եկել երթի՝ պահանջելով վերանայել տնտեսական մոդելը, որը, նրանց կարծիքով, նպաստում է բնակարանային ճգնաժամին և ջնջում իսպանական քաղաքի բնույթը, հայտնում է Associated Press-ը։

Զբոսաշրջության դեմ նմանատիպ ցույցեր են նախատեսվում կիրակի օրը Իսպանիայի մի քանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Բալեարյան կղզիներում՝ Մալյորկայում և Իբիցայում, ինչպես նաև իտալական Վենետիկում, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Հարավային Եվրոպայի այլ քաղաքներում։ Սա առաջին դեպքն է, երբ զբոսաշրջության դեմ բողոքի ակցիան համակարգվում է ամբողջ տարածաշրջանում։ Բարսելոնայում ցուցարարները սուլել և վանկարկել են. «Ուր էլ նայես, ամենուր զբոսաշրջիկներ են»։

Նրանք պաստառներ էին պահել «Մեկ զբոսաշրջիկ ավելի, մեկ բնակիչ պակաս» և «Քո Airbnb-ն իմ տունն էր» գրություններով։

Ցուցարարները նաև հյուրանոցների և հոսթելների դռներին պիտակներ են փակցրել՝ կատալոներենով «Քաղաքացիական ինքնապաշտպանություն» և անգլերենով «Զբոսաշրջի՛կ, վերադարձի՛ր տուն» գրություններով՝ ջրային ատրճանակի պատկերով։