PTI-ի տվյալներով՝ կործանված Boeing 787-8 Dreamliner-ը 2023թ. հունիսին անցել է համալիր տեխնիկական սպասարկում։
Ամերիկյան Boeing ինքնաթիռաշինական ընկերության փորձագետները ժամանել են Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաք՝ վերլուծելու Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռի կործանման հանգամանքները, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին, հաղորդել է PTI գործակալությունը։
PTI-ի տվյալներով՝ վթարի ենթարկված Boeing 787-8 Dreamliner-ը 2023թ. հունիսին անցել է համալիր տեխնիկական զննում։ Հաջորդ ստուգումը նախատեսված էր 2025թ. դեկտեմբերին։
Ավելի վաղ Հնդկաստանի ավիացիոն կարգավորող մարմինը հրահանգել էր ուժեղացնել Air India-ի եւ այլ հնդկական ավիափոխադրողների կողմից շահագործվող Boeing 787-8 եւ 787-9 բոլոր ինքնաթիռների ստուգումները։
Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոյի ներկայացուցիչները հունիսի 15-ին հաստատել են, որ Air India-ի վթարի վայրում հայտնաբերվել են երկու սեւ արկղերը։ Դրանց տվյալների վերծանումը ողբերգության հետաքննության հիմնական տարրը կլինի, նշել է գերատեսչությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։




























