2011թ ընթացքում մեր համաքաղաքացիներն ամենաշատը դիմել են հոգեբանների ընտանեկան խնդիրների հետ կապված: Այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը` հավելելով, որ ամենաշատը դիմում են ամուսնալուծվող զույգերը: Երկրորդ տեղում են կորստից հետո հոգեբանին դիմելու դեպքերը: «Կորստից գրեթե 2-3 շաբաթ հետո մենք տեսնում ենք մարդու, ով ցանկանում է իրականացնել իր վերականգնողական պրոցեսը մասնագետի հետ»,- ասաց նա: Երրորդ տեղում են երեխաների հետ կապված խնդիրների շուրջ հոգեբաններին դիմելը:
«Այս տարի ագրեսիվության, կամակորության մի ալիք կա, դա ներընտանեկան հարաբերությունների արդյունք է»,-ասաց Մարիամ Մեհրաբյանը` հավելելով, որ շեղված վարքի տեսակները երեխայի մոտ կարող են բերել ագրեսիվ վարքի եւ կամակորության: Հոգեբանի խոսքով` աճել է ինքնասպանությունների թիվը, որոնք պայմանավորված են սոցիալական եւ անձնական խնդիրներով: Մի շարք թեմաների շուրջ մեր համաքաղաքացիները ընդհանրապես խուսափում են դիմել հոգեբանին, օրինակ` ալկոհոլից, թմրանյութից կախվածություն ունեցողները, սեռական շեղումներով մարդիկ եւ այլն:




























