Կարեւոր չէ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական թե մեծամասնական ընտրակարգով, կարեւոր է, որ ընտրությունները լավ կազմակերպվեն: Այդ մասին, այսօր` հունվարի 12-ին, ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատգամավորը նաեւ նշել է, որ ինքը շատ է ցանկանում, որ առաջիկա ընտրություններում հաջողվի ձեւավորել քաղաքական մշակույթ: Աճեմյանի կարծիքով, ազատությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է հասնել ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել եւ ջանքեր գործադրել. «Պետք չէ մեծամասնական ընտրակարգում միայն վատը տեսնել, քանի որ այդ համակարգով ընտրված պատգամավորը լավ են աշխատում իր ընտրողի հետ»:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի անդամ հանդիսացող Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, իշխող կուսակցության դիրքորոշումը, կապված 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու դեմ լինելու հետ, վախի դրսեւորում է, որ ՀՀԿ-ն չի կարողանա վերահսկել ընտրությունների ընթացքը:
«Ձեր կուսակցության դիտարկմամբ կա ժողովրդավարություն, եւ դուք ցանկանում եք քայլեր ձեռնարկել` ուղղված երկրի զարգացմանը, բայց վատ չէր լինի, որ օժանդակություն ցույց տաք ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ ընտրությունները կեղծվում են սափրագլուխների եւ կրիմինալի միջոցով:



























