Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` հունվարի 12-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ իր դստեր` Անգելինա Գասպարյանի տեսահոլովակներում նկարահանվելու փաստին: «Իմ դուստրը 9 տարեկան երեխա է, որ երգում է, եւ ոնց որ լավ էլ երգում ա: Չեմ կարծում, որ եթե նրան հարցնեք, ինչ է ուզում դառնալ, կասի` երգչուհի, դերասանուհի, գեներալ, իրավաբան…»,- ասաց Վ. Գասպարյանը:
Նրա խոսքով` իր երեխան երգում է 3 տարեկանից, իսկ ինքը նույնիսկ տեղյակ չի էլ եղել, որ նկարահանվում է տեսահոլովակում: Վ. Գասպարյանը խոստովանեց նաեւ, որ ինքն էլ է լավ երգում:
Ի դեպ` Վ. Գասպարյանի տեղեկացմամբ, իր կինը նույնպես վաղուց աշխատում է ոստիկանական համակարգում, ռեֆերենտ է եւ փոխգնդապետ, սակայն ծառայողական մեքենա նրան չի հատկացված: Ոստիկանապետի կարծիքով` կանայք պետք է լայնորեն ներգրավված լինեն ոստիկանական համակարգում, քանի որ զսպող ազդեցություն են թողնում:




























