«Ես կարծիքներին կարծիք չեմ հայտնում»,- այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լրագրողներից մեկի ճեպազրույցում տված այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի մասին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վերջերս հնչեցրած արտահայտություններին: «Իմ կարծիքը համահունչ է օրենքին: Ես չեմ կարող էմոցիոնալ, ցանկություններով հայտարարություններ անել, եւ չեմ էլ գտնում, որ այն մարդն եմ, որ պետք է էմոցիաներ դրսեւորեմ` հարգում եմ, սիրում եմ: Ոչ…»,- ասաց Վ. Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Օրերս ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Մարգար Օհանյանի դեմ խափանման միջոցը պետք է փոխվի:



























