«Թեհրանի ժողովուրդը՝ այդ թվում այնտեղ ապրող հայերն անվտանգ չեն հիմա. արդեն հայտարարել են, որ քաղաքը պիտի դատարկվի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Իրան–Հայաստան սահմանի հայկական անցակետի մոտ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հետ Թեհրանից Հայաստան եկած մի կին, որը չցանկացավ հրապարակել իր անունը։
«Առաջին հերթին փակվեցին հացի փռներն ու խանութները, մարդիկ մթերքի խնդիր ունեն։ Շատ ծանր վիճակում են մարդիկ։ Շատերը հնարավորություն չունեն Հայաստան գալու, որոշների ընտանիքներում հաշմանդամություն ունեցող անձինք կան, որոշները ուղղակի ֆինանսական միջոցներ չունեն գալու և այստեղ մնալու։ Պետք է բոլորով միասին աղոթենք նրանց համար»,–ասաց նա՝ նշելով, որ իր ընտանիքը պատրաստվում է երկար ժամանակ մնալ Հայաստանում։
Նա նշեց, որ այսօր Թեհրանում արդեն ինտերնետ կապ էլ չկա, և այնտեղ մնացած իրենց հարազատների հետ կապի դուրս գալու հնարավորություն և նրանց մասին որևէ նորություն իմանալու հնարավորություն չունեն։
«Հուսով եմ, որ բոլորը կկարողանան գալ և այստեղ ապահով լինել՝ հատկապես երիտասարդները։ Ուզում ենք, որ օգնեն այն հայ երիտասարդներին, ովքեր այնտեղ զինվոր են, և հնարավորություն չունեն գալու»,–ասաց Թեհրանից Հայաստան եկած կինը։





























