Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր` հունվարի 13-ին, դիմավորել է Քենիայից Թուրքիա ժամանող վրացի նավաստիներին, որոնք 16 ամսից հետո ազատ են արձակվել Սոմալիի ծովահենների գերությունից:
Սահակաշվիլիի հետ նավաստիներին դիմավորել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր նավաստիների ճակատագիրը փոխկապակցված է այնպես, ինչպես մեր ժողովուրդների ճակատագիրը: Գիտեմ, որ դուք անհավատալի համերաշխություն եք ցուցաբերել միմյանց նկատմամբ: Ես ուրախ եմ, որ մեր թուրք եղբայրները վերադարձել են իրենց ընտանիքների գիրկը, նույնքան էլ ուրախ եմ, որ վրացի նավաստիները մի քանի ժամից կհասնեն իրենց ընտանիքներին»,-հայտարարել է Սահակաշվիլին, համատեղ ասուլիսում, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին թուրք եւ վրացի նավաստիներին Սոմալիի ծովահեններից ազատելու հարցում օգնության համար, հաղորդում է «GHN»-ն:
Այսօր Վրաստանի նախագահը Վրաստանի 15 քաղաքացիների հետ կվերադառնա հայրենիք, նրանց Բաթումիում սպասում են ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ կես տարվա գերությունից հետո, վրացի եւ թուրք նավաստիները, մի քանի օր առաջ ազատ են արձակվել: Չճշտված տեղեկություններով, Վրաստանը նրանց ազատ արձակման համար 3 մլն դոլար է վճարել:



























