Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան) այսօր` հունվարի 13-ին, Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստում հանդես է եկել տուժող կողմի ներկայացուցիչ` Ժիրայր Կարապետյանը:
Նա դատական նիստի ժամանակ նշել է, որ իր` Ճանապարհային Ոստիկանության իրավաբանական հարցերով բաժանմունքում աշխատանքի ընթացքում չեն ստացել դիմում-բողոքներ, որոնց համաձայն ՃՈ ենթակայության տակ գտնվող մեքենաները չունեն վառելիք:
Հիշեցենք, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի երկրորդ դատավարությունը: Դատարան են ներկայացել մեղադրյալներ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը, Սամվել Մամուրյանը, ինչպես նաեւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մարգար Օհանյանի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Ըստ գործի նյութերի, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:



























