Հյուսիսային Կորեայի մահացած առաջնորդ Կիմ Չեն Իրը կենդանության օրոք պարգեւատրվել է 1200 խրախուսական մականուններով: Արեւի հետ համեմատություններով նա փաստացի գերազանցել է աշխարհի նախկին բոլոր կառավարողներին ու առաջնորդներին:
Կենտրոնական հեռագրային գործակալությունը հպարտությամբ թվարկել է բոլոր այն մակդիրները, որոնց արժանացել է Կիմ Չեն Իրը ոչ միայն իր հայրենիքում, այլեւ այլ երկրներում: Նրան անվանել են «Չուչխեի գաղափարների արեւ», «հեղափոխության արեւ», «սոցիալիզմի արեւ», «ազգի արեւ», «մարդկության արեւ», «սոնգուն քաղաքականության արեւ» եւ անգամ «ամբողջ կյանքի արեւ»:
Ինչ վերաբերում է առաջնորդի հումորին, ապա նրա հետ անձամբ հանդիպած չինացի ընկերների կարծիքով, նա «գերազանցել է արեւմտյան մարդկանց բոլոր երեւակայությունները»:
Դրանից զատ, Կիմ Չեն Իրը նաեւ «արդարության պաշտպան» էր, «ժամանակակից դարաշրջանի անվանի քաղաքական գործիչ», «աշխարհի մարդկության պաշտպան», «թիվ մեկ մարդ աշխարհում», «դիվանագիտական մտքի հսկա» եւ այլն:



























