Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ, այսօր` հունվարի 13-ին, կազմակերպել էր քաղաքական քննարկում` կուսակցությունների տնտեսական պլատֆորմների վերաբերյալ:

Հայտնի քաղաքական ուժերից քննարկմանը չէին մասնակցում «Բարգավաճ Հայաստանն» ու «Ժառանգությունը»:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Այվազյանն ասաց, որ ամենաշատը կարեւորում են կայուն տնտեսական քաղաքականության իրականացումը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթեւիկ Ավետիսյանն ուշադրություն դարձրեց առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման խրախուսմանը, ու այդ նպատակով` հարկային արտոնությունների սահմանմանը: Սակայն այս կուսակցության ներկայացուցիչը ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակեց երկրում հավաքագրվող հարկերի չափի վերաբերյալ, ասելով, թե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 4 %: Իրականում այդ հարաբերակցությունը 17%-ի շրջանակներում է, ինչն էլ նրան հեգնանքով հիշեցրեց Վ. Այվազյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը եւս առաջին հերթին կարեւորեց զբաղվածության քաղաքականությունը, ինչպես նաեւ այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կհանգեցնեն մրցակցային միջավայրի բարելավմանն ու երկրի մրցունակության աճին:

Իսկ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին հարկավոր է վերականգնել շուկայական տնտեսությունն ու իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար: