Օսլոյի մարզային դատարանը նոր դատահոգեբանական փորձաքննություն է նշանակել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ: Դատարանը երկու նոր մասնագետ է ընտրել` Ագնեսա Ասպոսին եւ Տերյե Տերիսենին:

Բրեյվիկի գործով դատավոր Վենկե Էլիզաբեթ Արնտցենը հայտնել է, որ բանտի անձնակազմը, որտեղ գտնվում է ահաբեկիչը, նրա մոտ հոգեկան հիվանդության ոչ մի ակնհայտ նշաններ չի նկատել: Նրա խոսքով, սա նոր փորձաքննություն անցկացնելու պատճառներից մեկն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով НРК հեռուստակայանը:

Նա նշել է, որ դատարանը հասկանում է այդ գործով ողջ պատասխանատվությունը եւ պետք է բազմակողմ կարծիք ունենա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին հոգեբույժներ Սյունե Սերհեյմը եւ Թուրգեյր Հուսբյուն, հետեւություն էին արել Բրեյվիկի անմեղսունակության եւ քրեական հետապնդման անհնարինության մասին:

Այդ եզրակացություններն ավելի ուշ հաստատել է նաեւ հատուկ դատաբժշկական հանձնաժողովը, սակայն փորձագետները քննադատաբար են վերաբերում եզրակացությանը, թե Բրեյվիկը հոգեկան հիվանդությամբ է տառապում:

Շատերի կարծիքով, նա լիովին առողջ է եւ պետք է գտնվի բանտում, ոչ թե հոգեբուժական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության արդյունքում, զոհվել էր 77 մարդ: Բրեյվիկի գործը կվերսկսվի 2012-ի ապրիլի 16-ին: