Ես հենց նոր լսեցի, թե ինչպես Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը անփույթ կերպով «միջուկային զենք» բառակապակցություն է արտաբերել և հայտարարել, թե ինքը և այլ երկրներ միջուկային մարտագլխիկներ կմատակարարեն Իրանին, սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա իսկապե՞ս այդպես է ասել, թե՞ դա պարզապես երևակայությանս արգասիքն էր»։
Եթե նա այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ ԱՆՄԻՋԱՊԵՍ տեղյակ պահեք ինձ։ Դրան այդքան անտարբեր վերաբերվել չի կարելի։ Կարծում եմ՝ այդ պատճառով է Պուտինը «ՇԵՖ»։ Ի դեպ, եթե որևէ մեկը կարծում է, թե մեր «սարքավորումներն» այս շաբաթավերջին հիանալի էին, ապա անկասկած մեր ունեցած ամենաուժեղ և լավագույն սարքավորումները, որոնք 20 տարի առաջ են մնացածից, մեր միջուկային սուզանավերն են։ Դա երբևէ ստեղծված ամենահզոր և մահաբեր զենքն է, և նրանք արձակել են 30 «Տոմահավկ»՝ բոլոր 30-ը կատարելապես խոցել են թիրախը», - գրել է Թրամփը։
Իրանին միջուկային զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ Թրամփի մտահոգություններին ի պատասխան՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ նման քայլի դիմել. ի տարբերություն Իսրայելի, Մոսկվան ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT):
Մեդվեդևն իր ավելի վաղ գրառման մեջ նշել էր, որ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո «մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը», հաղորդում է РИА Новости-ն։ Թրամփը, մեկնաբանելով Մեդվեդևի գրառումը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պահանջել է, որ իրեն «անհապաղ տեղեկացնեն», եթե մի շարք երկրների կողմից Իսլամական Հանրապետությանը իրենց միջուկային զենքը մատակարարելու պատրաստակամության մասին տեղեկությունը հաստատվի։
«Նախագահ Թրամփի մտահոգությունների վերաբերյալ. ես դատապարտում եմ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածը. նա չկարողացավ հասնել իր նպատակներին: Սակայն Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Իրանին, քանի որ, ի տարբերություն Իսրայելի, մենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմեր ենք», - ասված է Մեդվեդևի հայտարարության մեջ:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը դեռևս ուժի մեջ է։





























