Ադրբեջանի ընդդիմադիր ուժ հանդիսացող «Հասարակական պալատի» ներսում հակասություններ են առաջացել` կապված 2013-ի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի ընտրության հետ: Այդ մասին գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:
«Ստացված տեղեկությունների համաձայն, «Հասարակական պալատի» ներսում լարվածություն է ստեղծվել: Խնդիրը ընդդիմադիր շարժման գլխավոր առաջնորդ ընտրելու հարցն է: Ըստ էության, Ալի Քերեմլին մտադիր է Իսա Գամբարի դեմ պայքարի շրջանակներում օգտագործել «Մուսավաթ» կուսակցության նախագահի ընտրությունները` փորձելով թուլացնել Իսա Գամբարի դիրքերը: Եթե հաջողվի այնպես անել, որ կուսակցությունը նոր նախագահ ընտրի, ապա հետագայում դա կհանգեցնի կուսակցության մասնատմանը, որն էլ կդառնա Ալի Քերեմլիի հաջողության հիմքը»,-գրում է «Պոլիգոնը»:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ պայքարի երկրորդ փուլում Ալի Քերեմլին ամբողջությամբ իր վերահսկողության տակ կվերցնի «Հասարակական պալատը» եւ կստիպի արդեն թուլացած Իսա Գամբարին պաշտպանել իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահի ընտրությունները կկայանան մարտի 3-ից 4-ը: Կուսակցության ներկայիս առաջնորդ Իսա Գամբարը կարող է լուրջ մրցակցության հանդիպել այդ ընտրությունների ժամանակ:
Որոշ փորձագետների գնահատմամբ, շատ հավանական է, որ այս անգամ կուսակցության ղեկավար Իսա Գամբարը չկարողանա ապահովել ձայների անհրաժեշտ քանակություն, քանի որ նրա մրցակից Արիֆ Հաջըլը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն «Մուսավաթ»-ի շարքերում, այլ նաեւ հասարակական-քաղաքական առավել լայն շրջանակներում: Նա հայտնի է իշխանությունների դեմ ուղղված բողոքի ակցիաների կազմակերպմամբ եւ ճանաչում ձեռք բերեց իշխանությունների կողմից երկու անգամ ձերբակալվելուց հետո, որը կապված էր նրա քաղաքական ակտիվ գործունեության հետ:




























