Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տվյալներով՝ Իրանն ի վիճակի է վերականգնել ԱՄՆ հարվածների հետևանքով ավերված իր միջուկային օբյեկտները, հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Երկիրն ունի անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ և արդյունաբերական ներուժ։ Ոչ ոք չի կարող դա հերքել», -հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։
Գրոսին նշել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքի որոշ մասեր փրկվել են հարձակումներից։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումները 1 տարո՞վ հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ընդամենը ամիսներով։ «Ես չեմ սիրում դա դիտարկել այնպես, ասես մենք ավազի ժամացույցի ենք նայում», -նշել է նա։
«Ռազմական գործողությունն իր տրամաբանությունն ունի, և ես այստեղ չեմ՝ դատելու՝ դա լավ է, թե վատ։ Մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք», -հավելել է Գրոսսին։ Այժմ, ըստ նրա, կարևոր է Իրանի հետ աշխատել երկարաժամկետ լուծումների շուրջ։





























