«Ոչ թե հեղաշրջում, այլ տեռորիստական ակտի նախապատրաստում էր այն, ինչ նախատեսում էր իրականացնել «Սրբազան պայքարը»։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք որևիցե կերպ չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ․ սա մի նոր հոկտեմբերի 27 էր։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր։ Նպատակը ՀՀ-ում քաոս ստեղծելն էր»,–հայտարարեց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով իրավապահ մարմիններին՝ հատկապես ԱԱԾ աշխատակիցներին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։





























