Քիչ առաջ մահվան ելքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Գառգառ գյուղում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, «Mercedes ML» մակնիշի 26 ՕՏ 223 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, մտել սեփական տների տարածք եւ շրջվել: Վարորդը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` մարզի ՃՈ պետի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ:

Վարորդի մահացած մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները և «Լոռէ» փրկարար ջոկատը` Արմեն Առաքելյանի ղեկավարությամբ:

Տեղի բնակիչները նշում են, որ վարորդը Լոռիի մարզի Գուգարք գյուղի բնակիչ 44-ամյա Արտյոմ Հարությունյանն է:

Ականատեսների վկայությամբ, ավտոմեքենան մի քանի մետր գլորվել է եւ գլխիվայր վիճակում, բառիս բուն իմաստով, մխրճվել ծառերի մեջ:

Այստեղ են նաեւ շտապօգնության աշխատակիցները, ովքեր փորձում են հանգստացնել մահացած վարորդի հարազատներին:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի