Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ արդյունավետ հանդիպում է ունեցել, հաղորդել է Anadolu-ն։

Նիդեռլանդներից վերադառնալուց հետո նա ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, գործընկերությունը ՆԱՏՕ շրջանակում, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Էրդողանի խոսքով՝ ինքն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է այն սպասումը, որ ջանքեր կգործադրի Գազայի եւ Ուկրաինայի հակամարտությունները դադարեցնելու համար, նման Իսրայելի եւ Իրանի միջեւ հրադադարի հասնելու իր քայլերին:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Անկարա հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելու հարցը։ Թուրքիայի նախագահն ավելացրել է, որ կողմերի միջեւ այս թեմայով տեխնիկական խորհրդակցություններն արդեն սկսվել են։ Նա հույս է հայտնել, որ այդ գործընթացում առաջընթաց կլինի։

«Անկարան չի հրաժարվել F-35 ծրագրին մասնակցելուց, մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք նախագծին վերադառնալու մտադրությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաեւ հայտնել է, որ Անկարայի մտահոգությունները տարածաշրջանային հարցերի, առաջին հերթին՝ Սիրիայի վերաբերյալ, բոլոր մակարդակներում հստակ փոխանցվել են ամերիկյան կողմին։

Անդրադառնալով երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ նա ասել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել իր հրթիռային ներուժը ՀՕՊ համակարգերի զարգացման շրջանակում: Մեկնաբանելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակման հետեւանքները՝ նա զգուշացրել է, որ դա կառաջացնի «լայնածավալ խնդիրներ»: Թուրք առաջնորդը ընդգծել է, որ Անկարան հույս ունի, որ Թեհրանը նման քայլ չի ձեռնարկի:

Նախագահն ավելացրել է, որ տարածաշրջանում վերջին իրադարձություններին հակառակ, Թուրքիա իրանական գազի անխափան մատակարարումները չեն ընդհատվել։ Նա ընդգծել է, որ նույնիսկ մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը չի քննարկվում։

Թուրքիայի նախագահը հայտնել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության արագ ավարտի անհրաժեշտության մասին՝ արդար եւ երկարատեւ խաղաղության հիման վրա։ Էրդողանի խոսքով՝ այս իրավիճակի պահպանումը «այլեւս անտանելի է տարածաշրջանի համար»։

Խոսելով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա ընդգծել է, որ Թուրքիան «երբեք թույլ չի տա, որ մոռացվի էքսկլավում տեղի ունեցողը, նույնիսկ երբ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղվի այլ տարածաշրջանների վրա»։

 Նախագահ Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հայտնել է Իսրայելի հետ Գազայի իրավիճակն առանձին քննարկելու մտադրության մասին: «Մենք շնորհակալ կլինենք նրան այս քայլի համար»,- ասել է Թուրքիայի առաջնորդը: