Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրմշտոցի հետեւանքով զոհվել է առնվազն 29 աշակերտ, վիրավորվել ավելի քան 250-ը, հաղորդել է Reuters-ը։
Երկրի կրթության նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի Բանգիի Բարթելեմի Բոգանդայի միջնակարգ դպրոցում, երբ դպրոցի տարածքում գտնվող էլեկտրական տրանսֆորմատորի անսարքությունից հետո վերականգնվում էր էլեկտրամատակարարումը:
Առողջապահության նախարարության հայտարարությունում ասվում է, որ զոհերի մեծ մասը, այդ թվում՝ 16 աղջիկ, մահացել է դեպքի վայրում, երբ պայթյունի հետեւանքով հրմշտոց է առաջացել, մյուսների մահը հաստատվել է հիվանդանոցում: Նախարարությունը հայտնել է, որ առնվազն 260 դպրոցական վիրավորվել է եւ բուժում է ստանում տարբեր հիվանդանոցներում:





























