Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ, ՔՊ խմբակցության անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ՀՀ ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դելիա Ռամիրեզին:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի և ԱՄՆ միջև այս տարվա հունվարին ստորագրված բազմաոլորտ ռազմավարական գործընկերության կարեւորությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ակտիվ կապերի շարունակական զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները եւ Հայաստանի պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:





























