Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատարանին խնդրել է ժամանակավորապես ազատել իրեն կոռուպցիայի գործով ցուցմունք տալուց։ Ըստ Ynet պորտալի՝ քաղաքական գործչի դատապաշտպանները խնդրել են դատական նիստը հետաձգել երկու շաբաթով։
Նեթանյահուի փաստաբանը դադարի անհրաժեշտությունը բացատրել է տարածաշրջանում լարված իրավիճակով։ Ըստ նրա՝ Իրանի հետ սրվող հակամարտության և անվտանգության այլ լուրջ մարտահրավերների համատեքստում վարչապետը պետք է կենտրոնանա իրավիճակի կառավարման, մասնավորապես՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների և պատանդների ազատ արձակման հարցի վրա։
Փաստաբանը նշել է նաև, որ կառավարության ղեկավարի բացակայության դեպքում դատարանն այդ ժամանակը կարող է օգտագործել այլ վկաների հարցաքննելու համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 21-ին Իսրայելի գլխավոր դատախազը մեղադրանք է առաջադրել Նեթանյահուի դեմ երեք ՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման քրեական հոդվածով։ Վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները։ Գործը Երուսաղեմի շրջանային դատարանում է 2020 թվականի հունվարից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել դադարեցնել Իսրայելի վարչապետի նկատմամբ հետապնդումը՝ նրան անվանելով «մեծագույն հերոս», որը երկրին մատուցած ծառայությունների համար, իր կարծիքով, արժանի է ներման։





























