Լիբիայում շրջանառությունից դուրս կբերվեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դիմանկարով թղթադրամները, այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Լիբիայի կենտրոնական բանկը:

Առաջիկայում շրջանառությունից դուրս կբերվեն ամենամեծ` 50 դինար արժողությամբ թղթադրամները, որոնց վրա Ջամահիրիայի նախկին առաջնորդը պատկերված էր արեւային ակնոցներով եւ բեդվինական թասակով: Երկրի քաղաքացիները մինչեւ ընթացիկ տարվա  մարտի 15-ը  կարող են դրանք փոխանակել այլ անվանական արժեքով դրամի հետ, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Ավելի ուշ շրջանառությունից դուրս կբերվեն մեկ եւ 20 դինարանոց թղթադրամները, որոնց վրա նույնպես Քադաֆիի պատկերն է:

Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալվեց  կես տարի տեւած քաղաքացիական պատերազմից հետո: Նախկին առաջնորդը, ով երկիրը կառավարել էր 42 տարի, սպանվեց 2011թ. հոկտեմբերին: