Նիկարագուան պաշտոնապես դիմել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլիոն։

Ըստ նրա՝ Նիկարագուան նշված ուղղությամբ արդեն համագործակցում է Ռուսաստանի և Բելառուսի հետ և պատրաստ է կատարել բոլոր անհրաժեշտ պայմանները համապատասխան կարգավիճակ ստանալու համար։ «Մենք արդեն զգում ենք, որ այս միության մաս ենք կազմում», -նշել է խոսնակը։

 Նա ընդգծել է նաև, որ Նիկարագուան ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ պետությունների հետ դեղորայքի և սարքավորումների մատակարարման ոլորտում։

Ավելի վաղ նմանատիպ մտադրություն էր հայտնել Մյանման. վարչապետ Մին Աուն Հլայնը հայտարարել էր երկրի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու և միության հետ առևտրատնտեսական համագործակցությունը ընդլայնելու ցանկության մասին։