Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր քաղաքական ռազմավար Սթիվ Բեննոնը Իսրայելին և ամերիկյան Fox News հեռուստաալիքին մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Քաղաքագետը դրա մասին հայտարարել է իր War Room փոդքասթի մի դրվագում, որը համարվում է ամերիկյան պահպանողական լսարանի շրջանում ամենատարածվածներից մեկը։
Ըստ Բեննոնի՝ Իսրայելն Միացյալ Նահանգների համաձայնությունն է փնտրում՝ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման գործողություններ իրականացնելու համար։ «Եթե ուզում ես դա անել, գնա և արա ինքդ», -ընդգծել է նա։ Բեննոնը մերժել է նաև Թեհրանում ռեժիմի փոփոխության գաղափարը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները չպետք է ներգրավվի նման գործողություններում։
Նա սուր քննադատության է ենթարկել թե՛ Իսրայելի ղեկավարությանը, թե՛ Fox News-ին՝ մեղադրելով նրանց «հավերժական պատերազմներին» աջակցելու մեջ։ «Նրանք կողմ էին Իրաքում, Աֆղանստանում, Ուկրաինայում պատերազմներին, իսկ հիմա հակամարտություն են տենչում Իրանի հետ։ Նրանց նպատակը անվերջանալի պատերազմն է», - շեշտել է Թրամփի նախկին խորհրդականը։ Նա ենթադրել է նաև, որ նման հռետորաբանությունը թերևս առնչվում է Fox News-ի սեփականատեր մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի շահերի և ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հետ նրա ենթադրյալ կապերին։
Միևնույն ժամանակ, վարչակազմին մոտ կանգնած հանրապետական աղբյուրը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված ԱՄՆ-ի հարվածները «հանճարեղ քայլ» է որակել: Նրա կարծիքով, դրանք ցուցադրեցին Վաշինգտոնի գլոբալ կարողությունները և ամրապնդեցին Միացյալ Նահանգների միջազգային կերպարը որպես ռազմական տերություն։





























