Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում էական առաջխաղացում է նկատվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Hurriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումների հաճախականությունն արտացոլում է նախագահների միջեւ երկխոսության ամրապնդումը: Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, թե հուլիսի 17-ին կայանալիք նախագահների հանդիպումը կշարունակի այն կարեւոր առաջընթացը, որ նրանք ձեռք են բերել Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Բացի այդ, հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կհստակեցնի այն հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին Մադրիդում: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, աշխատում են միասին՝ որպես ուժեղ եւ միահամուռ թիմ։ Մենք նաեւ ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից կատարված կարեւոր եւ դրական ներդրումը»,- նշել է Մեթյու Բրայզան: