Հայ-իրանական սահմանին հայկական բեռների ուշացումները զուտ տեխնիկական պատճառներ ունեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ նման տեխնիկական խնդիրներ առաջանում են երկու կողմերում էլ։ «Պատահում է, որ սահմանին մոտենում է 300 բեռնատար, երբեմն այդ թիվը նվազում է։ Բեռնատարների կուտակումը հանգեցնում է խցանումների առաջացմանը։ Սակայն, մենք անընդհատ կապի մեջ ենք այս գործընթացը հեշտացնելու համար, և եթե խոչընդոտներ կան, մենք լուծում ենք խնդիրը։ Ուզում եմ ասել, որ այո, խնդիրներ պարբերաբար առաջանում են, բայց դրանք չպետք է ներկայացվեն որպես խոչընդոտներ», - նշեց Սոբհանին։
Նա նշեց, որ Արաքս գետի վրա գործող կամրջի տարողունակությունը 120 բեռնատար է, սակայն այսօր այնտեղով ամեն օր անցնում է 600 բեռնատար։ Նա նշեց, որ Արաքս գետի վրա երկրորդ կամուրջ կառուցելու ծրագրեր կան։
Այս համատեքստում դեսպանը անդրադարձավ նաև Սյունիքում ճանապարհաշինարարական նախագծերին իրանական ընկերությունների մասնակցության հարցին։ «Սյունիքում ճանապարհաշինարարական աշխատանքները բավականին շոշափելի առաջընթաց են գրանցում։ Մենք 3%-ով առաջ ենք անցել նախատեսված աշխատանքային գրաֆիկից։ Եթե մեզ հաջողվի պահպանել ներկայիս տեմպը, կկարողանանք շինարարությունն ավարտել նույնիսկ նախատեսվածից շուտ։ Աշխատանքների իրականացման հետ կապված որևէ խնդիր չկա։ Մենք վճռական ենք և վստահ, որ Ագարակից մինչև Երևան տարբեր հատվածներում աշխատանքների ավարտից հետո բեռնափոխադրումների ոլորտում իսկական հեղափոխություն տեղի կունենա։ Ցավոք, մենք 30 տարի ուշացել ենք այս աշխատանքներն իրականացնելուց», - ասաց դեսպանը։





























