Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին պաշտպանության նախարարները չեն կարողացել համատեղ հայտարարություն հրապարակել, քանի որ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը հրաժարվել է ստորագրել հայտարարության նախագիծը, որում բացակայում էր ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրում Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին որևէ հիշատակում։
Համատեղ հայտարարությունը չի հրապարակվել, քանի որ Սինգհը հրաժարվել է ստորագրել հայտարարության նախագիծը՝ բողոքելով ահաբեկչության դեմ ընդհանուր չափանիշների բացակայության դեմ, գրում է The Indian Express-ը։
Հնդկաստանից բացի, ՇՀԿ-ի կազմում են Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Սինգհը հայտարարել է, որ տարածաշրջանի ամենամեծ մարտահրավերները խաղաղության, անվտանգության և վստահության պակասն են, իսկ այդ խնդիրների հիմնական պատճառը՝ աճող արմատականացումը, ծայրահեղականությունը և ահաբեկչությունը։
«Խաղաղությունն ու բարգավաճումը չեն կարող համակեցության մեջ լինել ահաբեկչության և ոչ պետական գործիչների ու ահաբեկչական խմբավորումների ձեռքում զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են վճռական գործողություններ։ Որոշ երկրներ սահմանային ահաբեկչությունն օգտագործում են որպես քաղաքականության գործիք և ահաբեկիչներին ապահովում են անվտանգ ապաստան։ Նման կրկնակի ստանդարտների համար տեղ չպետք է լինի։ ՇՀԿ-ն չպետք է ամաչի նման երկրներին քննադատելուց», - շեշտել է Հնդկաստանի պաշտպանության նախարարը։





























