Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել հարոյանին բերման են ենթարկել Քննչական կոմիտեի մոտ գալու համար, առանց որեւէ պահանջի։ Այս մասին ՔԿ–ի մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։

«Մենք կոչ էինք արել քաղաքացիներին ուղղակի գալ ՔԿ, որ աջակցեն Միքայել Սրբազան, ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցուն, այստեղ առանց հարց տալու ու առանց որեւէ բացատրության բերման են ենթարկել։

Այս պահին բերման է ենթարկված Հայաստանի Հանրապետությունը։ Քննչական կոմիտեներում ու ոստիկանություններում, դատարաններում Հայաստանին են հետապնդում թուրք–ադրբեջանական օրակարգով։

Պատահական չէ, որ Էրդողանին հանդիպելուց հետո բավականին ագրեսիվ հարձակում կա ամբողջ աշխարհում ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի դեմ։ Այս հարվածը Սամվել Կարապետյանին ոչ միայն բիզնեսի մասով է, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի, Հայաստանի ներդրումային իմիջի հեր կապված նշանակություն ունի։ ՀԷՑ–ի խլումը խայտառակ հետեւանքների է հանգեցնելու, նաև անվտանգային հետեւանքների է հանգեցնելու, շատ վատ նախադեպ է դառնալու դա»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ հարձակումներին, Թեւանյանն նշեց. «Սա արվում է Հայաստանի ավանդական ինստիտուտները ջարդելու, թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկելու նպատակով։ Ագրեսիան ավելացավ հատկապես այն պահին, երբ Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոսը միջոցառում էր նախաձեռնել, որտեղ քննարկվում էր նաեւ արցախահայության խնդիրները, հայ ռազմագերիների խնդիրները։ Փաշազադեն ցուցում տվեց եւ Նիկոլ Փաշինյանն անցավ գործողությունների»։

Թեւանյանը թվարկեց, թե ինչ պահանջներ են դնում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի առջեւ. «Պահանջում են Սահմանադրության փոփոխություն, Անկախության հռչակագրից հրաժարում, ռուսական 102–րդ ռազմաբազայի հեռացում, հիմա կարող ենք նաեւ ասել ազգայնացման անվան տակ ՀԷՑ–ի խլում և վերաբաշխում արեւմտաթուրքական կապիտալի օգտին, Հայաստանի հանքերի փակում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, ադրբեջանական փախստականների վերադարձ Հայաստան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Հայաստանի ապառազմականացում, բանակի վերացում փաստացի, Հայաստանի փաստացի դենացիֆիկացիա, որը ազգային ինստիտուտների դեմ հարձակումներով է արտահայտվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտի լուծարում։

Սրանք այն ոչ ամբողջական կետերն են, որոնք առաջադրվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան, ուղղակի ասում է՝ եկեք ես դա փուլային անեմ, ինձ տվեք մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն, որպեսզի ես դա հայ ժողովրդի վրա վաճառեմ որպես խաղաղություն բերելու գործընթաց, վերարտադրվեմ, գնամ երրորդ ժամկետի, հետո նոր արդեն ձեր պահանջները բավարարեմ, ինչպես բավարարեցի 2021–ից հետո։

Ես ասել էի, որ Արցախը կհանձնեմ արտահերթ ընտրություններից հետո, ես ստացա ձեր աջակցությունը և հանձնեցի Արցախը։ Հիմա էլ ասում է՝ պատրաստ եմ հանձնել Հայաստանը։ Դրա դիմաց նա պահանջում է երրորդ ժամկետի աջակցությունը եւ անձնական անվտանգություն իր ու իր ընտանիքի նեղ կազմի համար։ Մնացած ՔՊ–ականներն իր համար արեւածաղիկի արժեք էլ չունեն»,–ասաց նա։