ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ստորին ատյանի դատարանները չեն կարող կասեցնել նախագահի հրամանագրերը։ Դա կազդի ծննդյան իրավունքով քաղաքացիության վերաբերյալ Թրամփի հրամանագրի վրա, հաղորդում է BBC-ն։
Ինը դատավորների ձայները բաշխվել են խիստ գաղափարախոսական պատկանելությամբ. բոլոր վեց պահպանողական (ներառյալ Դոնալդ Թրամփի նշանակած երեք) դատավորները քվեարկել են որոշման օգտին, մինչդեռ դեմոկրատ նախագահների նշանակած երեք դատավորները դեմ են քվեարկել։
ԱՄՆ քաղաքացիական պատերազմից հետո ընդունված 14-րդ ուղղումը երաշխավորում է, որ երկրի տարածքում ծնված յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք։ Սակայն, հունվարին, իր առաջին գործադիր հրամանագրերից մեկում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ այդ դրույթը չի կարող կիրառվել երկրում անօրինական կամ օրինական կերպով գտնվող օտարերկրացիների երեխաների նկատմամբ, այլ ժամանակավորապես։ Սահմանադրության այդ մեկնաբանությունն անմիջապես վիճարկվել է դատարաններում, և բազմաթիվ դատարաններ կասեցրեցին հրամանագրի գործողությունը ամբողջ երկրում։
Վարչակազմը Գերագույն դատարանին խնդրել է շտապ քննարկել, թե արդյոք դատավորներն ունեն նման լիազորություններ։ Գերագույն դատարանի որոշումը կարող է դիտվել որպես Թրամփի միջանկյալ հաղթանակ։
Գերագույն դատարանն այս փուլում չի քննարկել ծննդյան իրավունքով քաղաքացիության իր մեկնաբանության սահմանադրականության հարցը։ Դրա շուրջ դատավեճերն, ամենայն հավանականությամբ, կհասնեն դրան, բայց ավելի հեռավոր ապագայում։
Նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Գերագույն դատարանի դատավոր Էմի Քոնի Բարեթին այսօրվա որոշումներից հետո։ «Դատավոր Բարեթը ճիշտ է համարում, որ շրջանային դատարանը լիազորություն չունի համազգային կամ ընդհանուր արգելող որոշումներ կիրառել», -ասել է նա։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատավոր Բարեթին, որը հիանալի կերպով շարադրել է կարծիքը, ինչպես նաև գլխավոր դատավոր Ռոբերթսին և դատավորներ Ալիտոյին, Գորսաչին, Քավանոյին և Թոմասին՝ բոլորն էլ հրաշալի մարդիկ են»,- շարունակել է Թրամփը:





























