ԵՄ-ն անօդաչու թռչող սարքերի հսկայական բանակի կարիք ունի՝ հնարավոր ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, և դրան պետք է պատրաստվի արդեն հիմա, Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Ըստ նրա, եթե Պուտինը հրաման տա հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, այդ երկիրը կբախվի մարտական պատրաստվածությամբ կոփված ռուսական բանակի հետ, որը կարող է օգտագործել միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր, գրում է DW-ն:
Ռուսաստանի Դաշնությունը կարող է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան հասցնել հինգ միլիոնի, հետևաբար, «հակամարտությունը հաղթելու համար մեզ ավելի հզոր ներուժ է անհրաժեշտ»,- ընդգծել է Կուբիլիուսը։
Նա պատմել է, որ այցելել է Ուկրաինայի առաջնագիծ, որտեղ առաջնագծի երկայնքով ձևավորվել էր «մահվան հովիտ» անունով հայտնի գոտի։ «Այնտեղ ոչինչ չի կարող շարժվել։ Ամեն ինչ կառավարվում է անօդաչու թռչող սարքերով։ Սովորական տանկը այս գոտում կգոյատևի ընդամենը վեց րոպե», - նշել է եվրահանձնակատարը։
Կուբիլիուսը շեշտել է, որ Եվրոպան պետք է օդաչուների, ինժեներների և արտադրողների թիմեր ստեղծի, որոնք պատրաստ կլինեն արագորեն մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, եթե ժամանակը գա։





























