ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանին կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։

Ըստ Reuters-ի՝ նա շեշտել է, որ Իրանի վրա կրկնակի հարձակումը չի բացառի, երբ նրան հարցրել են իրանական միջուկային օբյեկտների նորռմբակոծության հնարավորության մասին, եթե ինչ-որ պահի դա անհրաժեշտ համարվի։ «Իհարկե, հարց չկա»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարծում է, որ վայրերը «ոչնչացվել են»։ Նա մերժել է ցանկացած ենթադրություն, որ վայրերին հասցված վնասն այնքան լուրջ չէ, որքան ինքն էր ասում։

Թրամփը ասել է նաև, որ չի կարծում, թե Իրանը ցանկանում է շարունակել միջուկային զենքի ստեղծման աշխատանքները ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո։ Նա Իրանը «հյուծված» է անվանել:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը դեռ ցանկանում է հանդիպել՝ հաջորդ քայլերը քննարկելու համար։