Շատ լարված անցավ դատական նիստը, շատ հարցեր ունեինք, մեկնաբանություններ. նոր փաստեր, որոնք փորձեցինք տեղ հասցնել դատարանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28–ի առավոտյան, դատարան մուտք գործելուց առաջ լրագրողներին ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Տպավորություն էր, որ դատավորն արդեն որոշումն ունի։ Հիմա մտնում ենք որոշումը լսելու, հուսանք, որ գոնե մի փոքր արթնացած կլինի իրավական, մասնագիտական այս իրավիճակն իր մոտ։ Որովհետեւ այս իրավիճակում միակ իրավական որոշումը մերժումն է, բայց իր պարագայում նույնիսկ տնային կալանքը պետք է համարել հաղթանակ»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ դատավոր Մասիս Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել իր կաշկանդվածության, ոչ անկախ լինելու, նույնիսկ մասնագիտական ունակություններ չունենալու համար։
«Միքայել Սրբազանի տրամադրությունը մարտական է»,– ընդգծեց նա եւ մտավ դատարանի շենք, որտեղ այս պահին պետք է հրապարակվի Միքայել Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։





























