Ռուանդան եւ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որը նպատակ ունի դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արեւելքում հակամարտությունը, հաղորդել է BBC-ն:

ԱՄՆ-ը նաեւ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում հանքանյութեր արդյունահանելու իրավունք կստանա:

«Սա հույսի եւ հնարավորությունների, ներդաշնակության, բարգավաճման եւ խաղաղության նոր գլուխ է ամբողջ տարածաշրջանի համար։ Սա հրաշալի օր է»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրող կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության եւ Ռուանդայի արտաքին գործերի նախարարներ Թերեզա Կայիկվամբա Վագները եւ Օլիվիե Նդուհունգիրեհեն։

Խաղաղության համաձայնագրին շուտով հաջորդել է Փարիզի արձագանքը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն անվանել է «պատմական քայլ»։

Խաղաղության համաձայնագիրը հիմնված է երկու աֆրիկյան երկրների կողմից 2025թ. ապրիլին հաստատված սկզբունքների հռչակագրի վրա: Վերջնական փաստաթղթում նշվել է, որ կողմերը պարտավորվում են «հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը» եւ դադարեցնել ռազմական գործողությունները Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արեւելքում: