Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին «շատ լուրջ վնաս» է հասցվել, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Գիտե՞ք, դա կարելի է տարբեր կերպ նկարագրել, բայց պարզ է, որ այն, ինչ տեղի է ունեցել, մասնավորապես, Ֆորդոյում, Նաթանզում, Սպահանում, որտեղ Իրանը նախկինում ուներ և ինչ-որ չափով դեռ ունի ուրանի վերամշակման, փոխակերպման և հարստացման հնարավորություններ, զգալի չափով ավերվել է։ Դրանցից մի քանիսը դեռ կանգուն են։ Այնպես որ, իհարկե, այս հնարավորությունների տեսանկյունից լուրջ խնդիր կա»,- ասել է Գրոսսին։
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, վնասի բնութագրի վերաբերյալ «կարելի է ենթադրություններ անել», և ինչ-որ պահի կազմակերպությունը «ստիպված կլինի վերադառնալ» Իրան։
«Թեև մեր աշխատանքը ոչ թե վնասը գնահատելն է, այլ այնտեղ տեղի ունեցող գործունեության վերաբերյալ գիտելիքները վերականգնելը և նյութերին հասանելիություն ապահովելը, ինչը շատ, շատ կարևոր է, այն նյութերին, որոնք նրանք կարտադրեն, եթե շարունակեն այս գործունեությունը»,- ասել է նա։
Ըստ Գրոսսիի, դա կախված է բանակցություններից, որոնք կարող են վերսկսվել, «կամ կարող են և չվերսկսվել»։
«Այնպես որ, այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, կարծում եմ, ծրագրի մի պատկեր է, որը շատ լուրջ վնասվել է՝ մեջբերելով դոկտոր Արաղչիին։ Իսկ հիմա մենք պետք է կենտրոնանանք հաջորդ քայլերի վրա»,- ասել է նա։