Մեծ Բրիտանիայի YouTube-յան բլոգեր Մաքս Ֆոշը բեմադրել է իր մահը՝ Ryanair -ի չօգտագործված չվերթի համար գումարի փոխհատուցումը ստանալու համար։ Դրա մասին հաղորդում է Dexerto պարբերականը։

Ֆոշը հայտնի է իր սադրիչ կատակախաղերով և իրավական սողանցքների որոնումներով, որոնք նա ցուցադրում է իր տեսանյութերում։ Նա անցյալում հանրության ուշադրությունը գրավել է՝ ժամանակավորապես դառնալով «աշխարհի ամենահարուստ մարդը» կամ ժամանող ուղևորների համար սխալ քաղաքներում հսկայական ողջույնի ցուցանակներ տեղադրելով։

Նոր տեսանյութում բլոգերը որոշել է փորձարկել Ryanair-ի կանոնը, որը հնարավորություն է տալիս ամբողջական փոխհատուցում ստանալ միայն ուղևորի մահվան դեպքում։ Նա պարզել է, որ ընկերությունը պահանջում է մահվան վկայական, բայց չի նշում, թե ինչ իրավազորությամբ այն պետք է տրվի։ 37,28 ֆունտ ստեռլինգը (մոտ 51 դոլար) վերադարձնելու համար Ֆոշը փորձել է իր մահվան վկայականը պաշտոնապես ձևակերպել Իտալիայի Սեբորգա միկրոպետությունում:

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո Ryanair-ը սկսել է վերադարձի գործընթացը։ Սակայն այդ փուլում բլոգերի փաստաբանը միջամտել է իրավիճակին և զգուշացրել  նրան գործողությունն ավարտին չհասցնել։ Փաստաբանը նշել է, որ չնայած Ֆոշի գործողությունները պաշտոնապես չեն կարող խարդախություն համարվել, ըստ էության դրանք հենց խարդախություն են։

Բլոգերն ինքը պնդում էր, որ միայն փորձում էր օրինական ճանապարհով վերադարձնել իր սեփական գումարը, բայց, ի վերջո, հետևել է փաստաբանի խորհրդին և հրաժարվել փոխհատուցում ստանալու մտքից։ Վերջում նա իր բաժանորդներին հորդորել է նման փորձեր չկրկնել։