Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են երկրի դպրոցներում ռուսալեզու կրթության հնարավոր դադարեցման մասին։ Ըստ Oxu.Az պարբերականի՝ աշակերտների ծնողները սկսել են համապատասխան ծանուցումներ ստանալ դպրոցական WhatsApp խմբերում։

Նշվում է, որ նախաձեռնությունը կապված է ադրբեջաներենի՝ որպես կրթության հիմնական լեզվի դիրքը ամրապնդելու և բոլոր քաղաքացիների համար միասնական կրթական միջավայր ստեղծելու մտադրության հետ։ Անցումը նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ՝ երեք տարվա ընթացքում։

2024 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկրում գործում է 324 ռուսալեզու դպրոց, որտեղ սովորում է մոտ 160 հազար երեխա։ Բացի դրանից, ռուսերենը որպես երկրորդ լեզու դասավանդվում է ևս 800 հազար աշակերտի։

Կրթության բարեփոխումների ծրագրերը հայտնի դարձան Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ Լարվածություն առաջացավ Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից հետո, որոնցից երկուսը մահացան։ Բաքուն Ռուսաստանի իրավապահ մարմիններին մեղադրեց դաժան վերաբերմունքի մեջ։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են ռուսական «Սպուտնիկ» գործակալության աշխատակիցների և Ռուսաստանի մի քանի քաղաքացիների, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։