Բաքվում նախօրեին Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված բոլոր ութ Ռուսաստանի քաղաքացիները չորս ամսով կալանավորվել են։ Դրա մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Սաբայիլի շրջանային դատարանը բոլոր մեղադրյալների համար ընտրել է չորսամսյա կալանքի խափանման միջոց։ Համցանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության և տարածման, ինչպես նաև կիբեռհանցագործությունների մեջ կասկածվող ձերբակալվածները դատարան են տեղափոխվել առանձին-առանձին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները դաժանորեն ծեծի են ենթարկվել ձերբակալության ժամանակ: «Осторожно. Новости»-ի թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ ձերբակալվածների թվում են առցանց քիմմաքրման Airo ընկերության համահիմնադիր, 40-ամյա գործարար Անտոն Դրաչևը, և VK-ում ու Яндекс-ում աշխատած 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլինը։

Ձերբակալության մասին հաղորդագրությունները տարածվել են Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության հետնապատկերում։ Երկուշաբթի Ադրբեջանի անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել Բաքվի «Սպուտնիկ» գործակալության գրասենյակում, որից հետո խմբագրության հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են «Սպուտնիկ»-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «ԱԴԾ-ի հետ կապերի» համար։

Հաղորդվել է նաև, որ Ադրբեջանում մասնավոր այցով գտնվելու ժամանակ ձերբակալվել է Ruptly-ի աշխատակցուհին։