ԱՄՆ Դետրոյթ քաղաքում ուղղաթիռից հազարավոր դոլարներ են ցած նետվել՝ ի հիշատակ տեղացի գործարար և հասարակական գործիչ Դարել Թոմասի։ Դրա մասին հաղորդում է Mothership-ը։

Անսովոր միջոցառումը կազմակերպվել էր հենց Թոմասի վերջին ցանկությամբ. նա ցանկանում էր նման կերպ իր երախտագիտությունը հայտնել քաղաքի բնակիչներին և իր համայնքին։ Ինչպես հեռուստաընկերությանը պատմել է նրա զարմուհի Քրիստալ Փերին, դա «երախտագիտություն հայտնելու միջոց էր բոլոր նրանց, ովքեր կարևոր էին իր կյանքում»։

Միջոցառման կազմակերպմանը մասնակցել է նաև Թոմասի որդին, որը հայտնի է Սմոուք մականունով։ Նա նշել է, որ իր հայրը խորապես հարգված էր շրջանում և միշտ ընտանիքն ու համայնքը դնում էր առաջին տեղում։

«Դետրոյթ, դուք գուցե չգիտեք, թե ով էր հայրս, բայց նա մեծագույն մարդ էր։ Իր շրջապատում նա իսկական լեգենդ էր», -ասել է որդին։

Ականատեսները պատմել են, որ մթնոլորտը զարմանալիորեն հանգիստ էր և նույնիսկ հանդիսավոր։

Տեղական ավտովերանորոգման արհեստանոցի աշխատակից Լիզա Նայֆը հիշել է. «Փողը պարզապես երկնքից ընկավ։ Ծեծկռտուք կամ իրարանցում չեղան։ Դա իսկապես սքանչելի տեսարան էր»։