ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում, օրերս հրապարակել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրապետության կառավարության նամակը։
Նամակում, մասնավորապես գրված է, որ ընդամենը մեկ կամ երկու ամիս առաջ բոլորին թվում էր, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ ավելի մոտ է իր լուծմանը բանակցությունների ճանապարհով, բան տարիներ առաջ։ Սակայն այդ հույսերը այդպես էլ չնյութականացան։ Ինչը զարմանալի չէ։
Մի ժամանակ Լեռնային Ղարաբաղն ակտիվորեն մասնակցում էր բանակցային գործընթացներին, սակայն հիմա դե ֆակտո անկախ հանրապետությունը, որը նշում է իր անկախության 18-ամյակը, զրկված է այդ հնարավորությունից։ 1997 թվականից Ադրբեջանը բանակցություններ չի վարում Լեռնային Ղարաբաղի հետ՝ գերադասելով Հայաստանի հետ երկխոսությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը հանգում է այն բանին, որ հանրապետության համապատասխան պաշտոնատար անձինք պետք է անպայման մասնակցեն բանակցություններին։



























