Հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 20 շենքի բակում հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։
Տեղում պարզվել է, որ ճյուղի կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրականության և ինտերնետի լարերը և կայանված «Hyundai» և «Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հանձնարարականով ժամանել են Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները, սակայն աշխատանքները պետք է կատարեին քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, բայց ինչպես միշտ ժամը 17:00-ից հետո նշված հիմնարկում ոչ մի անձ չես գտնի, իսկ շաբաթ-կիրակի օրերին ընդհանրապես, չեն աշխատում։
Կայքը հայտնում է, որ նշված ծառի վրա կան էլի վտանգավոր ճյուղեր, որոնք ամեն պահի հնարավոր է կոտրվեն։
Իսկ բնակիչներն էլ նշել են, որ դեռ օրեր առաջ են նշված ճյուղի համար դիմել Երևանի քաղաքապետարան, ժամանել են Ա. Բեգոյանի հիմնարկից, նայել ու ասել են, թե էս ճյուղը 20 տարի էլ անվնաս կմնա, սակայն 20 օր էլ չանցած՝ այն կոտրվել է։




























