ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական ծախսերի կրճատման մասին օրենքը, որը նախատեսում է հարկերի իջեցում և պետական պարտքի մակարդակի բարձրացում՝ ուժեղ հարված է հասցնում առանձին նահանգների բյուջեներին։ Այս մասին հայտնել է Politico թերթը։
Դեմոկրատ նահանգապետերի ասոցիացիայի նախագահ Լորա Քելլիի խոսքով՝ «բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպես մեղմել այն վնասը, որը կհասցվի ընտրողներին»։ Խոսքը վերաբերում է մոտ 20 նահանգապետերի համար հետևանքներին, որոնք պատրաստվում են վերընտրվել 2026 թվականին։
Փաստաթուղթը, որը Թրամփն անվանում է «միասնական, մեծ, գեղեցիկ օրինագիծ», նախատեսում է հարկերի և պետական ծախսերի զգալի կրճատում մի շարք ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այն ենթադրում է պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացում, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» («Golden Dome») հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման համար։ Բացի այդ, դրանում ներառված են սահմանային վերահսկողության խստացման միջոցներ, ինչպես նաև նախատեսվում է ծախսերի ավելացում։
Ըստ YouGov հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի և The Economist ամսագրի կողմից ավելի վաղ անցկացված հարցման՝ ԱՄՆ բնակիչների գրեթե 53%-ը դեմ է արտահայտվել նման օրենսդրական նախաձեռնություններին։ Դրան կողմ է արտահայտվել հարցվածների 35%-ը։ Հուլիսի 4-7-ը ԱՄՆ 1528 չափահաս քաղաքացիների շրջանում անցկացված ուսումնասիրության տվյալներով՝ հատուկ մտահոգություն է առաջացնում Medicaid բժշկական ապահովագրության ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատումը։





























