Ռուսաստանի հայերի միությունը միջազգային առցանց կոնֆերանս կանցկացնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նա ստանում է զանգեր ամբողջ աշխարհից եկած հայերից, ովքեր զայրացած են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։
«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից՝ ասելով՝ «պարո՛ն Աբրահամյան, այդ ինչպես թե»։ Որովհետև շատ մարդիկ վախենում են գնալ Հայաստան։ Ես մտադիր եմ կազմակերպել համահայկական կոնֆերանս՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրն արտահայտի իր կարծիքը»,- հայտարարել է Աբրահամյանը։
Նրա կարծիքով, իսկական հավատացյալները չպետք է վախենան պաշտպանել եկեղեցին և արտահայտել իրենց կարծիքը այս հարցի վերաբերյալ։
Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ ինքը Հայկական սփյուռքի կազմակերպություններից մեկի՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարն է, այս կառույցը նույնպես կմասնակցի ապագա համաժողովին։




























