Կալկաթայի (Հնդկաստան) հայ համայնքը, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները եւ մի խումբ ավագ աշակերտներ, հունվարի 15-ին, ուխտի են գնացել 1695 թվականին կառուցված Չինսուրայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրբ Հովհաննեսի մասունքը պահվում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում եւ տարին մեկ անգամ տարվում է համանուն եկեղեցի:
Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը պատարագի ընթացքում սուրբ Հովհաննես Մկրտչի Ոսկե Աջով օրհնել է ուխտավորներին, ապա իր քարոզում անդրադարձել Սրբի կարեւոր եւ նշանակալի դերին:
Նշենք, որ Արցախի վերջին մելիք Ֆրիդոն Բեգլարը (1795 մայիսի 1-սեպտեմբերի 22 1884) թաղված է եկեղեցու զանգակատան հովանու ներքո: Թեեւ երբեմնի հայաշատ Չինսուրայում այսօր ոչ մի հայ չի ապրում, այդուհանդերձ եկեղեցին գտնվում է բարվոք վիճակում: Եկեղեցու ամենօրյա պահպանությունը եւ խնամքը հոգում է Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը:



























