Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունն այսօր` հունվարի 17-ին ուղեկցվել է անախորժ միջադեպով ու քաշքշուկով:

Դատական նիստի սկզբում մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել է, որ գործում ներգրավվի նաեւ զինվորական դատախազության դատախազ Հայկ Հարոյանը` մեղադրանքն իր հետ միասին պաշտպանելու համար: Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազի դեպ` հիմնավորելով, որ մեղադրանքը շինծու է, ցուցմունքները կորզվել են բռնությունների արդյունքում եւ նման մեղադրանք պաշտպանել չի կարելի: Տուժողի իրավահաջորդի միջնորդությանը միացել են նաեւ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Դատավոր Սամվել Մարդանյանը մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո մերժել է միջնորդությունը:

Այնուհետ սկսվել է գործով առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը: Վերջինս առաջին անգամ նիստի ներկայացել էր քաղաքացիական հագուստով, քանի որ նրան ի վերջո զորացրել են բանակից: Վկան հայտնել է, որ իրեն դատարան են ուղեկցել ոստիկանները:

Ամբաստանյալներից երեքի պաշտպան Ալվարդ Մնացականյանի հարցեր տալու ընթացքում դատավորը մի քանի անգամ ընդհատել է, հանել որոշ հարցեր, նաեւ ուղղորդել վկային, ով կրկին հակասական ցուցմունքներ է տվել: Դատարանի դահլիճում բողոքի ալիք է բարձրացել եւ քաշքշուկ է եղել կարգադրիչների ու ամբաստանյալների հարազատների միջեւ: Կարգադրիչներին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը, սակայն որոշ ժամանակ անց կրկին անախորժ իրավիճակ է սկսվել, երբ վկան ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանի դեմ: Դահլիճում այդ պահին վատացել է Կիրակոսյանի մոր ինքնազգացողությունը, իսկ ամբաստանյալը սկսել է բղավել վկայի վրա: Դահլիճում կրկին քաշքշուկ է սկսվել, երբ ամբաստանյալների հարազատները պարզել են, որ դատարանում է գտնվում նաեւ վկա Արման Մնացականյանի հայրը: Կարգադրիչները շրջափակել են վերջինիս, որպեսզի ամբաստանյալների հարազատները նրա նկատմամբ բռնություն չկիրառեն: Ստեղծված իրավիճակում դատավոր Սամվել Մարդանյանը հետաձգել է նիստը մինչեւ հունվարի 18-ը, ժամը 12-ը, նաեւ հրահանգել է ուժեղացված անվտանգություն ապահովել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկա Արման Մնացականյանը նախկինում դատարանում պնդել էր, թե շատ բան չի հիշում, սակայն այդուհանդերձ մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել: Նա մի քանի անգամ նշել է, թե դեպքը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես նշվում է պաշտոնական վարկածում, այլ մեկ օր առաջ՝ հուլիսի 26-ին: Վկան նաեւ խոստովանել է, որ դեպքից հետո իրեն իր բոլոր ծառայակիցներին տարել են ռազմական ոստիկանություն եւ բավական երկար պահել այնտեղ: Կոնկրետ իրեն Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում պահել են 23 օր, ապա տեղափոխել Երեւան:

Նշենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը: