100-ից ավելի բրիտանացիների, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների աշխատակիցների և հատուկ նշանակության ուժերի մարտիկների անձնական տվյալները հայտնվել են համացանցի հանրային տիրույթում՝ շտաբի աշխատակցի անփութության պատճառով, որը նաև բացահայտել է իրենց երկրում բրիտանական զորախմբի հետ համագործակցած հազարավոր աֆղանցիների անունները։

2022 թվականի փետրվարին Լոնդոնում հատուկ նշանակության ուժերի շտաբի աշխատակիցը սխալմամբ փաստաթուղթ է ուղարկել Աֆղանստանից վերաբնակեցման հայտերը մշակող կառավարական խմբի սահմաններից դուրս։ Դա աղյուսակ էր, որը պարունակում էր Աֆղանստանում 20-ամյա հակամարտության ընթացքում բրիտանացիների հետ համագործակցած և 2021 թվականին Թալիբանի իշխանության վերադարձից հետո իրենց ընտանիքների հետ Մեծ Բրիտանիա վերաբնակվելու հայտ ներկայացրած գրեթե 19 հազար աֆղանցիների անձնական տվյալները։

Արտահոսքը հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ տեղեկատվությունը հրապարակվել է Facebook-ի խմբերից մեկում։ Այդ տարվա սեպտեմբերի 1-ին այն ժամանակվա պահպանողական կառավարությունը Բարձր դատարանից հասել է դրա՝ ԶԼՄ-ներում հրապարակման արգելքի։ Դատավորի որոշումն արգելում էր նույնիսկ հայտնել, որ որևէ արգելք է սահմանվել։ Այս կարգադրությունը մի քանի անգամ երկարաձգվել է մի քանի կառավարությունների՝ թե՛ պահպանողականների, թե՛ 2024 թվականին նրանց փոխաինած լեյբորիստների միջնորդությամբ։

Հուլիսի 15-ին կառավարությունը որոշել է այլևս չպահանջել արգելքի երկարաձգում, իսկ պաշտպանության նախարար Ջոն Հիլին առաջին անգամ Համայնքների պալատում պատմել է տեղի ունեցածի մասին և պաշտոնական ներողություն է խնդրել տվյալների արտահոսքի համար։ Ներողություն է խնդրել նաև ստվերային պաշտպանության նախարար Ջեյմս Քարթլիջը, որի Պահպանողական կուսակցությունն իշխանության էր, երբ տեղի է ունեցել արտահոսքը։

Ինչպես նշում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աշխատակցի համար հանրային տիրույթում անվան և անձնական տվյալների բացահայտումը կարող է նշանակել կարիերայի ավարտ։ Իսկ գաղտնի ստորաբաժանումների գործող և նախկին մարտիկների համար նման արտահոսքերը տեսականորեն կարող են սպառնալիք ներկայացնել նրանց կյանքի համար։