ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Համագործակցության Տնտեսական խորհրդի նիստին, որն անցկացվում է հուլիսի 18-ին Մոսկվայում, Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայությունը ժամանակավոր դրվագ է, և իրավիճակը շուտով կվերադառնա նախկին հունին։
«Մենք որևէ բացասական արտահայտություն չենք ստացել։ Այսօր, ճիշտն ասած, պետք է խոստովանեմ, ադրբեջանական պատվիրակությունը չի ժամանել, բայց մենք չգիտենք նրա չժամանելու պատճառները։ Նրանք մեզ չեն տեղեկացրել, բայց ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա նախկին հունին, և Ադրբեջանը եղել է և կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակիցը։ Համենայն դեպս, մեզ այդ մասին հավաստիացրել են և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ վարչապետը։ Մենք կարծում ենք, որ սա այսպիսի ժամանակավոր դրվագ է, և ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Սա մեր անկեղծ հույսն է»,- ասել է Լեբեդևը ТАСС-ին։
Հուլիսի 18-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին։ Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Նիստի մասնակիցների ցուցակներում Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարագրված չեն եղել։