Չինաստանի հարավային Հայնան և Գուանդուն նահանգները բարձր պատրաստվածության վիճակի են բերվել այն բանից հետո, երբ «Վիպա» թայֆունը ներթափանցել է Հարավչինական ծով՝ այդ երկու նահանգ բերելով ուժեղ քամիներ և հորդառատ անձրևներ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Շաբաթ օրը առավոտյան ժամը 9-ին Հայնան նահանգում մտցվել է ջրհեղեղների և թայֆունների դեմ արտակարգ իրավիճակների արձագանքման 4-րդ մակարդակի ռեժիմ, իսկ առավոտյան ժամը 11-ին Գուանդուն նահանգում ջրհեղեղների և թայֆունների դեմ արտակարգ իրավիճակների արձագանքման ռեժիմը 4-րդ մակարդակից բարձրացվել է մինչև 2-րդ մակարդակ։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ շաբաթ վաղ առավոտյան «Վիպա» թայֆունը Հայնան նահանգում արևադարձային փոթորիկից վերածվել է ուժեղ արևադարձային փոթորկի։
Ըստ տվյալների՝ առավոտյան ժամը 8-ին դրա էպիկենտրոնը գտնվել է Հարավչինական ծովի հյուսիս-արևելյան մասում՝ Հայնան կղզու Վենչան քաղաքից մոտ 930 կիլոմետր դեպի արևելք։
Հայնան նահանգի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ թայֆունը շարժվում է հյուսիս-արևմուտք՝ մոտ 20 կմ/ժ արագությամբ։ Այն մոտենում է ափամերձ շրջաններին, որոնք ձգվում են Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքից մինչև Հայնան կղզու Վենչան քաղաքը և հավանաբար՝ ցամաք կհասնի այդ տարածքներում կիրակի կեսօրից մինչև գիշեր ընկած ժամանակահատվածում։
Դրա ազդեցության պատճառով՝ շաբաթ օրվանից մինչև հուլիսի 22-ը, Հայնան նահանգի ծովային տարածքների մեծ մասում և ցամաքում սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամի։ Բացի այդ, կիրակի օրվանից մինչև հուլիսի 22-ը, Գուանդուն և Հայնան նահանգների միջև գտնվող Ցյունչժոու նեղուցում նավարկությունը կարող է դադարեցվել։
Հայկոու քաղաքում (Հայնան նահանգի վարչական կենտրոն) հնարավոր են փողոցների հեղեղումներ։ Մինչդեռ Գուանդուն նահանգում պատրաստվում են ուժեղ ամպրոպների, փոթորկալից քամիների և մակընթացային ալիքների։
Բացի այդ, Գուանդուն նահանգում մարտական պատրաստության մեջ են մասնագիտացված փրկարարական նավեր և ուղղաթիռներ, ինչպես նաև հզոր քարշակներ և մաքրման նավեր։
Հիշեցնենք, որ Չինաստանում գործում է թայֆունների արտակարգ իրավիճակների արձագանքման քառամակարդակ համակարգ, որտեղ առաջին մակարդակն ամենալուրջն է։





























